ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի ժամ ընդմիջումից հետո վերսկսել է չվերթերի սպասարկումը, ինչը դադարեցվել էր եղանակային պայմանների կտրուկ վատացման պատճառով, Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
«Տեղի ժամանակով 05։00-06։00-ից սկսած` ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով։ Մոտավորապես ժամը 14։00-ին ինքնաթիռների վայրէջքները վերականգնվել են», — ասաց Աբրահամյանը։
Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել են մի շարք չվերթեր, այդ թվում` Մոսկվայից, Շարժայից, Դուբայից իրականացվող թռիչքները։ Սակայն Աբրահամյանի խոսքով` օդանավակայանն արդեն վերադառնում է նորմալ ռեժիմի։
Նշենք, որ եղանակը Երևանում շարունակում է «տատանվել», տեղ-տեղ նկատվում է մառախուղ, տեսանելիությունը նվազել է։