ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ռուսական հեռուստաալիքներին և տպագիր մամուլին թույլ կտան Ղրղըզստանում, Բելառուսում, Հայաստանում և Ղազախստանում տեղական հումքից արտադրված գինու և շամպայնի գովազդ տեղադրել, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Գովազդի մասին համապատասխան փոփոխություններին հավանություն է տվել օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը։ Նման մոտեցումը Ռուսաստանին թույլ կտա կատարել ԵԱՏՄ գործընկերների առաջ ունեցած պարտականությունները։
Հանձնաժողովի հավանությանն արաժանացած նախագծով թույլատրվում է գինին ու շամպայնը գովազդել ռուսական տպագիր մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի եթերում։ Ընդ որում` արտոնություն կստանա միայն այն խմիչքը, որն արտադրված է տեղի խաղողից ԵԱՏՄ երկրներում` Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղըզստանում։
Գովազդի մասին օրենքում արված փոփոխությունները թույլ են տալիս գովազդ հրապարակել պարբերականների բոլոր էջերում (բացի առաջին, վերջին էջերից և շապիկից), ինչպես նաև հեռարձակել ռադիոյով և հեռուստատեսությամբ տեղի ժամանակով 23:00 մինչև առավոտյան 7-ը։
Ռուսաստանում այժմ նման գովազդն արգելված է։
Փաստաթուղթը նախապատրաստել է Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը` հղում անելով ԵԱՏՄ անդամ-երկրների առաջ ունեցած պարտականություններին։ Միության պայմանագրի համաձայն` միության անդամ-պետությունների ընկերություններից համար պայմանները պետք է լինեն ոչ պակաս բարենպաստ, քան ռուսականների համար։
Տեղական խաղաղից գինի և շամպայն արտադրող ռուսական ընկերությունները նաև այսօր կարող են սահմանված սահմանափակումներով գովազդել իրենց արտադրանքը տպագիր մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի եթերում։
Մաքսային վիճակագրության տվյալներով` ԵԱՏՄ երկրներից խաղողի բնական գինու ներկրումը Ռուսաստան 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքում կազմել է 1,92 մլն լիտր (6,49 մլն դոլար), 2016 թվականին 1,5 մլն լիտր (4 մլն դոլար), 2015 թվականին` 1,1 մլն լիտր (2,7 մլն դոլար)։
Գնումների ավելի քան 90%-ն իրականացվել է Հայաստանից (1,91 մլն լիտր 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին)։ Բելառուսից ներկրված ապրանքի մասնաբաժինը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 0,7% (0,01 մլն լիտր), 2016 թվականին` 12,2% (0.2 մլն լիտր)։
Օրինագիծն առաջիկայում կուսումնասիրի Պետդուման։
Փորձագետները կարծում են, որ եթե օրինագիծն ընդունվի, զանգվածային գովազդ չի լինի, քանի որ գինեգործները դրա համար գումար չունեն։