ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Առցանց դասընթացների միջազգային Study.com հարթակը փորձել է պատասխանել հետևյալ հարցին`հայերը եվրոպացի՞ են, թե՞ արևելյան ժողովուրդ։
Հոդվածի հեղինակը միանգամից նշում է` հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ հայերը ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան մշակույթներին բնորոշ գծերի կրողներ են։
«Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը պետք է որ բաժանի Եվրոպան Եվրասիական մայրցամաքի արևելյան` մերձարևելյան տարածաշրջանի հյուսիսային հատվածից։ Երկիրը ԽՍՀՄ կազմում է եղել, անկախացել է 1991 թվականին։ Պետության մայրաքաղաքը Երևանն է, երկրում մոտ 2,9 միլիոն մարդ է ապրում», — նշված է կայքում։
Study.com-ի գրառման համաձայն` հայերը հնդեվրոպական լեզվով են խոսում (հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է), իսկ բնակչության 95%-ը քրիստոնյա են։
«Պետությունը սերտ կապեր ունի Իրանի, Սիրիայի ու Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ։ Հայաստանը նաև քաղաքական կապեր է պահպանում Եվրոպայի հետ` մի շարք համաձայնագրերի շնորհիվ», — գրում է հեղինակը։
Վերջում նա ամփոփում է, որ հայերն այնպիսին են, ինչպիսին կան, և չեն կարող միանշանակ համարվել եվրոպացի կամ Մերձավոր Արևելքի ժողովուրդ։