ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Կոստա Ռիկայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 12 մարդ է մահացել, որոնցից 10-ն ամերիկացի զբոսաշրջիկներ են։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրառում է հրապարակել լատինաամերիկյան հանրապետության նախագահ Լուիս Գիլմերո Սոլիսը։
Ավիաաղետը տեղի է ունեցել երեկ Գուանակաստե գավառի մոտակայքում։ Ոչ մեծ ինքնաթիռում 10 ուղևոր և անձնակազմի երկու անդամ են եղել։ Ինքնաթիռը պատկանել է Nature Air ավիաընկերությանը։
«Կոստա Ռիկայի կառավարությունը ցավում է 10 ուղևորի և անձնակազմի 2 անդամի մահվան համար»,- գրված է նախագահի գրառման մեջ։
Նա վստահեցրել է, որ հնարավոր ամեն ինչ կանի զոհվածների ընտանիքներին օգնելու համար։ Նախագահի խոսքով, գործի են անցել արտակարգ ծառայությունները և փնտրում են զոհվածներին։
Օդաչուներից մեկը երկրի նախկին նախագահ Լաուրա Չենչիլիի ազգականն է։
ԱՄՆ քաղաքացիների մահվան լուրը հաստատել է նաև Պետդեպարտամենտը, որի ներկայացուցիչն ավելացրել է` զոհվածների ընտանիքների հանդեպ հարգանքից ելնելով` չեն կարող հավելյալ մանրամասներ հայտնել։