ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Ամանորը հղիանալու համար լավ ժամանակ է համարվում, Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը հաստատում է այդ փաստը։
Երեխայի ծնվելու ժամանակը շատ գործոներով է պայմանավորված, նրանք ծնվում են յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ։ Սակայն գիտնականների հաշվարկով` մի շարք երկրներում նրանց ծնելիության հաճախականությունը միշտ նույնը չէ։
Այսպես, ամերիկացիների ու բրիտանացիների հաշվարկների համաձայն (իսկ նրանք սիրում են մանրամասն վիճակագրություններ կազմել)` երեխաները «սիրում են» հատկապես աշնանը ծնվել։ ԱՄՆ-ում ծննդյան ամենատարածված օրերը սեպտեմբերի 9, 12, 19 են։ Ընդհանուր առմամբ, ամենաշատ երեխաները լույս աշխարհ են գալիս սեպտեմբերին։ Օգոստոսին` մի փոքր ավելի քիչ։
Այստեղից եզրակացություն. կանայք հղիանում են դեկտեմբերին-հունվարին, այսինքն` Ամանորի տոների ժամանակ։ Ու սա պատահական չէ։ Ինչպես պնդում են փորձագետները, հենց այդ ժամանակաշրջանում են հատվում բազում բարենպաստ գործոններ, հատկապես` ձմեռն ու տոնական տրամադրությունը։
Տոնական մթնոլորտը խթանում է ավելի ազատ (սեքսուալ) պահվածքը, ինչը դրական է ազդում ժողովրդագրության վրա։ Դրան գումարած` «տաքանալու» համար բարենպաստ պայմաններ են ստեղծում սառը եղանակն ու երկար գիշերները։
Դրան կարելի է գումարել նաև ալկոհոլն ու հանգստյան օրերը (ազատ ժամանակի առկայությունը)։ Ալկոհոլի ազդեցության տակ զույգերը հաճախ չեն մտածում պաշտպանիչ միջոցների մասին, ինչը, բնականաբար, ազդում է օգոստոսին և սեպտեմբերին ծնվող երեխաների թվի վրա։
Այլ տվյալների համաձայն` ձմռանը կանանց ու տղամարդկանց օրգանիզմներն ավելի շատ են հակված բեղմնավորման, այսինքն` հասնում են «վերարտադրողականության» գագաթնակետին։
Հայաստանը մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի, որը բնորոշ է ԱՊՀ երկրներից շատերին. Ամանորին Ռուսաստանից վերադառնում են խոպանչիները։
Անցնենք թվերին։ Այսպես, եթե 2017 թվականի փետրվարին 3079 երեխա է ծնվել, ապա օգոստոսին` 3597, իսկ սեպտեմբերին` 3603։
2016 թվականի սեպտեմբերին ու օգոստոսին արդեն մոտ 4 հազար երեխա է ծնվել, իսկ 2015 թվականի սեպտեմբերը ռեկորդային է եղել. ծնված երեխաների թիվը գերազանցել է 4 հազարը։
Երեք տարվա ցուցանիշները հստակ ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության կազմած ցանկում։