ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Կարապետյանը, իր վարած BYD GL-115 մակնիշի 454 LՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 53-ամյա Սիմոն Փարեմուզյանի վարած ինքնաշեն կցորդով մոտոցիկլին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.comy-ը:
Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել 2 տրանսպորտային միջոցներում: Վթարի հետևանքով BYD-ի վարորդ Ա. Կարապետյանը, ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ադամյանը և մյուս վարորդ՝ Ս. Փարեմուզյանն ու նրա մոտոցիկլի կցորդիչում գտնվող ուղևորներ, համագյուղացիներ՝ 14-ամյա Աստղիկ Իգիթյանը, 12-ամյա Արամ Իգիթյանը և 13-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: