ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից:
Սպանության կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, որ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Սպանություն կատարելու կասկածանքով նրան ձերբակալել են:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: