ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 6 ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ շտապօգնության թիվ 62 խումբը կանչով մեկնել է Մետրոյի Գործարանային կայարանի մուտքի մոտ, որտեղ հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Տեղում դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մովսիսյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։