ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. 56-ամյա տղամարդը կասկածվում է Թուրքիայի հարավում Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի դպրոցներից մեկի մոտ կրակ բացելու մեջ։ Վնասվածք է ստացել վեց մարդ, այդ թվում` 5 դպրոցական։ Այդ մասին հայտնում է Sputnik Թուրքիան։
Sputnik–ի տեղեկատվության համաձայն, կասկածյալ Կ.Օ.–ն, հարսանիքի ժամանակ որսորդական զենքից կրակ է բացել դպրոցականների խմբի ուղղությամբ, որոնք ֆուտբոլ էին խաղում ուսումնական հաստատությանը մոտ գտնվող տարածքում։ Տուժել է մինչև 10 տարեկան 5 երեխա և մեկ մեծահասակ մարդ։ Վնասվածքներ ստացած դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղի ադմինիստրացիայի աղբյուրի համաձայն` կասկածյալը հետախուզվում է նախկինում իրականացրած վեց հանցագործության համար, որոնց թվում նաև պաշտոնական փաստաթղթերի կեղծում։ Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում նրան ձերբակալելու համար։
Ավելի վաղ` Թուրքիայում ևս մեկ ապշեցուցիչ դեպք էր տեղի ունեցել, Անթալիայում տղամարդը ինքնասպան էր եղել` սեփական երեխաներին սպանելուց հետո։