ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը հանդիպել է «Ты супер! Танцы» նախագծի մասնակիցների հետ, որոնց Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն պետերբուրգյան ուղևորություն է նվիրել։ Երեխաները շփվել են Մարիինյան թատրոնի ղեկավարի հետ «Սուրբծննդյան հեքիաթ» օպերա այցելելուց հետո։
Հայտնի արտիստն իր ունկնդիրներին պատմել է մեծ նվագախումբը ղեկավարելու նրբությունների մասին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է հյուրախաղերով շրջագայել պատանի պարողների երկրներում։ Երեխաները հարցեր են տվել թատրոնի փորձառու ղեկավարին։
«Դիրիժորություն անելը հեշտ է, ուղղակի պետք է մի քիչ հասկանալ, թե ինչպես է աշխատում նվագախումբը։ Իսկ ահա նրա աշխատանքը զգալ կարելի է միայն երկար տարիներ սովորելուց հետո», — ասել է Վալերի Գերգիևը։
«Ես առաջին անգամ էի գնում օպերա։ Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդքան գեղեցիկ կլինի. երաժշտությունը, դեկորացիաները, արտիստների հագուստն ուղղակի հիանալի էին։ Գերգիևի հետ հանդիպումն անակնկալ էր ինձ համար։ Չէի սպասում, որ հայտնի դիրիժորը, որին ես առաջ միայն հեռուստացույցով էի տեսել, այդքան բաց և բարի կլինի», —ասել է Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Մխիթարյանը։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։