ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողություն է մաղթել գալիք տարի կայանալիք ընտրություններում, թեև, նրա խոսքով, հաջողության մեջ կասկածներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Սարգսյանն ասել է, որ սա շատ լավ առիթ է Ռուսաստանի կայունացնող, միավորող դերը նշելու համար։ Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: Նրա խոսքով` բոլորը փոխկապակցված են։
«Մենք Ձեզ (Պուտինին) հաջողություն ենք մաղթում հաջորդ տարում։ Ոչ ոք չի կասկածում հաջողության մեջ։ Ցանկանում եմ, որպեսզի ամեն ինչ հաջող դասավորվի` ի բարօրություն ռուս ժողովրդի և ի նպաստ հայ-ռուսական բարեկամության», — ասել է նա։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Կողմերն ամփոփել են 2017թ-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կարծիքներ փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի շուրջ։