ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի հարցն այս պահին բնապահպանական տեսչության իրավասության ներքո է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ կոմբինատի նկատմամբ հնարավոր պատիժների մասին հնարավոր կլինի խոսել միայն քննության ավարտին։
«Այս պահին գնահատել դժվար է ասել, թե այն քրեական պատասխանատվություն է առաջացնում, թե վարչական, որովհետև գործը դեռ քննության փուլում է»,- ասաց Մինասյանը։
Շուրջ 2 շաբաթ առաջ կոմբինատի Նահատակի կիրճում գտնվող պոչամբարում տեղի ունեցած վթարի հետևանքով պոչանքները հոսել էին դեպի Դեբեդի կիրճ և լցվել հարևան դպրոցի բակը։
Այս պոչամբարը դեռևս տարիներ առաջ հայտարարված է որպես լցված և կիրառության համար անպիտան, սակայն կոմբինատի ղեկավարությունն այն չի ռեզերվացնում։
Բնապահպանության նախարարությունն առաջիկայում որոշակի փոփոխություններ է նախատեսել ընդերքօգտագործման օրենսդրությունում, որի շնորհիվ, նախարարի խոսքով, ապագայում հնարավոր կլինի ժամանակին պատժել նման կարգազանց ընդերքօգտագործողներին։
«Այս փոփոխությունների միջոցով յուրաքանչյուր ընդերքշահագործող, եթե պոչամբար է առաջացրել իր գործունեության հետևանքով, պետք է ներկայացնի նաև պոչամբարի կառավարման հստակ պլան` անվտանգության համակարգից մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության լիարժեք բացահայտման և կանխարգելման»,- ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է Ախթալայի Նահատակի պոչամբարին, նախարարը խորհուրդ տվեց սպասել տեսչական վարույթի ավարտին արձանագրվող արդյունքներին, որից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե ինչ անելիքներ ունեն տվյալ դեպքում Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները։
Ի դեպ, Հայաստանում այս պահին կա 21 պոչամբար, որոնցից մի քանիսն իրենց վտանգավորության աստիճանով, Մինասյանի խոսքով, համեմատելի են Նահատակի պոչամբարի հետ։ Օրենսդրության փոփոխությունից հետո նախարարը խոստանում է զբաղվել դրանցից յուրաքանչյուրով։