ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: