ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Սուր ռեսպիրատոր հիվանդությունների ու հարբուխի պատճառ է դառնում ոչ միայն եղանակը։ Մեծ մասամբ վարակը Հայաստան է գալիս Ռուսաստանից, քանի որ մեր քաղաքացիների շփումներն այդ երկրի հետ առավել ակտիվ են։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով` յուրաքանչյուր սեզոնն իր բնորոշ հիվանդություններով է առանձնանում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ սառը եղանակին ակտիվանում են սուր վարակիչ հիվանդությունները։
«Բացի այդ, այս տարի ձմեռն ավելի մեղմ է, քան նախորդ տարի։ Իհարկե, արձանագրվում են նման տիպի հիվանդությունների դեպքեր, բայց դրանց թիվը երկու անգամ ավելի քիչ է, քան նախորդ տարի», — ասաց Ասոյանը։
Գլխավոր վարակաբանն ընդգծեց, որ ոչ մի վիճակագրություն չկա, ու պետք չէ հավատալ այն մարդկանց, որոնք հիվանդությունների թվերից են խոսում։
Ասոյանը պատասխանեց նաև Sputnik Արմենիայի հարցին` ինչո՞վ է պայմանավորված հիվանդացությունների նվազումը։
«Մեր և ձեր (բժիշկների ու ԶԼՄ-ների) համատեղ աշխատանքի արդյունքն է։ Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է դիմակներ կրել, հիվանդ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկել, հիվանդ ժամանակ աշխատանքի դուրս չգալ։ Գրիպի վիրուսն ամեն տարի փոխվում է։ Դեռ չի եղել, որ նույն շտամի վարակը կրկնվի»,- ասաց նա։
Ասոյանը խոսեց նաև իր պրակտիկայի ընթացքում գրանցված ամենածանր տարվա մասին։
«2015 թվականը սկսվեց Եղվարդի մանկապարտեզներում սննդային թունավորումներից։ Դա իմ բժշկական պրակտիկայում ամենածանր տարին էր։ Այս տարի դեպքերն ավելի քիչ էին, մանկական թունավորման միայն մի քանի դեպք է գրանցվել», — ասաց վարակաբանը։
Երկուշաբթի օրվանից դպրոցականները ձմեռային արձակուրդ են գնալու, իսկ ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները ռեսպիրատոր վարակների տարածման համար բարենպաստ միջավայր են։ Վարակաբանը կարծում է, որ 2-3 շաբաթվա ընթացքում Հայաստանում հիվանդությունների կտրուկ աճ չի գրանցվի։