ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Երևանում հաստատված ուժեղ մառախուղները խափանել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տասնյակ չվերթերի աշխատանքը։
Հայտնում են, որ հետաձգվել են ինչպես Երևանից մեկնող, այնպես էլ Երևան ժամանող չվերթերը։
«Չեղարկվել են չվերթերը Վիեննայից ու Վարշավայից դեպի Երևան։ Ուշացումները դեռ երեկվանից են։ Տվյալ պահին ավելի քան տասը ուշացում կա։ Մոսկվա է մեկնել միայն Տարոն Ավիա ընկերության լայները», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ընդհանուր առմամբ Երևանից ու դեպի Երևան իրակավացվող հետաձգված թռիչքների թիվը հասնում է 32–ի։ Այդ ուղղություններն են` Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիև, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Թեհրան։
Մառախուղի պատճառով չվերթեր հետաձգվել են նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Չվերթերը կվերականգնվեն միայն այն դեպքում, եթե մառախուղը բացվի, ու եղանակային պայմանները չխանգարեն թռիչքներին։
Մառախուղի պատճառով մի շարք այլ երկրների օդանավակայաններ լարված ռեժիմով են աշխատում։