ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Արարատյան դաշտի և մայրաքաղաքի ցածրադիր վայրերում մառախուղը, որոշ ընդհատումներով, կպահպանվի մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` վաղվանից Միջերկրական ծովից Հայաստան կներթափանցի բավական ակտիվ ցիկլոն, որի հետևանքով առաջիկա օրերին հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվեն տեղումներ։ Իսկ դեկտեմբերի 25-ին ցիկլոնը կհեռանա, տեղումները կդադարեն, մառախուղն էլ կցրվի։
«Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի փոխվի։ Հիմա Հայաստանում անոմալ եղանակ է դիտվում։ Օդի ջերմաստիճանն 8-10 աստիճանով բարձր է, ինչի պատճառը Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային զանգվածներն են»,– ասաց նա։
Տաք եղանակը կպահպանվի նաև տարվա վերջին օրերին, Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 30–ը ձյուն չի տեղա։ Հունվարը ևս նորմայից տաք կլինի։ 2018-ի առաջին ամսվա ընթացքում նույնպես Հայաստանում գերիշխելու են հարավային տաք օդային զանգվածները։