ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականին հայտնի է դարձել, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով:
Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին: Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
«Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով»,- գրում է թերթը:
Իսկ դեկտեմբերի 27-ին` հերթական աճուրդի ժամանակ, մեկնարկային գինը կկազմի 5 մլն 570 հազար 560 դրամ: Եթե դեկտեմբերի 27-ին այն չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հունվարի 11-ին` 4 մլն 456 հազար 448 դրամ, և այսպես շարունակ։
