ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.30-ին, Գյումրիի մի բնակիչ ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող հարսանյաց սրահի երաժիշտների սենյակում գտնվող աթոռի թիկնոցին կախված իր կիսաբաճկոնի ծոցագրպանից գողացել են 450.000 դրամ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են գողության մեջ կասկածվողի ինքնությունը և որոնողական միջոցառումներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների թալանված գյումրեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակից է։
Գողությունը ներկաների վկայությամբ տեսանկարահանվել է հարսանյաց սրահի տեսախցիկներով։ Ոստիկանությունը հայտնում է, որ դրանց տեսագրություններն առգրավվել են և ուսումնասիրվում են։