ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա Ալեն Բաբասյանը Ձորք թաղամասի գազալցակայանին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 40-ամյա Գարիկ Միքայելյանի հետ, որի ժամանակ կրակել է Գ. Միքայելյանին պատկանող Opel Vectra մակնիշի 34 ԼN 104 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ա. Բաբասյանը իրեն պատկանող գազային օդամղիչ ատրճանակով կրակել է Գ. Միքայելյանի Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է հետևի ձախ կողային ապակին:
Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների ու անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Բաբասյանը ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին, իսկ քննիչին էլ ներկայացրել է գազային օդամղիչ ատրճանակը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: