ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Նկարիչ Արմեն Վահրամյանի աշխատանքները հիացրել են երգչուհի Սիբիլին։ Թուրքիայում բնակվող երգչուհին Facebook-ում պատմել է, որ ամեն անգամ Երևան այցելելիս Վերնիսաժ է գնում։
«Հրաշալի նկարների մեջ հատկապես գրավում են Արմեն Վահրամյանի նկարները։ Մեր զրույցի ընթացքում նա իր հրաշք գործերից մեկը նվիրեց ինձ, երբ իմացավ` ով եմ ես»,- գրել է նա։
Սիբիլը նշել է, որ ամաչել է այս թանկ ու արժեքավոր նվերի համար, միևնույն ժամանակ շատ է ուրախացել։
«Եվս մեկ անգամ համոզվեցի, թե Հայաստանի ժողովուրդը որքան սրտանց ու ջերմ է»,- նշել է նա։
Սիբիլը հրապարակել է նաև նկարչի ստեղծագործությունները, որպեսզի օգտատերերը կարողանան ծանոթանալ նրա արվեստին։