ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Անդրադառնալով զինծառայության մասին օրենքում իրականացված փոփոխություններին, մասնավորապես՝ տարկետման իրավունքի վերացմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ տարկետումը չի հանվել, փոխվել է դրա տրամաբանությունը։
«Իսկ ո՞վ է ասել, որ եթե ունենանք հանճարեղ զորակոչիկ, նրան տանելու ենք բանակ։ Կառավարությունը պետք է համոզված լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին։ Իհարկե, ընդդիմադիրները ներկայացնում են, թե վերացվում է տարկետման իրավունքը։ Չի վերացվում։ Մյուս կողմից խոսում են, թե սոցիալական անարդարություն կա, հարուստների զավակները չեն ծառայում»,- ասել է Սարգսյանը:
Նախագահի համոզմամբ, այսօր տարկետման իրավունքից օգտվում են հիմնականում բարեկեցիկ ընտանիքների երեխաները, որոնք ավելի մեծ հնարավորություն ունեն բուհում սովորելու։ Մինչդեռ առաջարկվող փոփոխությունները դրական են ազդելու բուհական համակարգի վրա, բարձրացնելու են ուսման որակը, ուսանելու են նրանք, ովքեր ուզում են կրթություն ստանալ։ Առաջարկված փոփոխությունները, Սարգսյանի համոզմամբ, 5-10 տարում բեկումնային փոփոխություն են առաջացնելու կրթական համակարգում։