ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում-2017» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Հաղթողները շնորհակալագրեր, մրցանակներ ու նվերներ ստացան։
Մրցանակաբաշխության դափնեկիրների անունները հայտարարեց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը։
«Արդեն հինգերորդ տարին է` մենք անցկացնում ենք այս մրցանակաբաշխությունը։ Մեր հիմնական նպատակը հայրենական արտադրողին աջակցելն է։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի սպառողներն ավելի լավ ճանաչեն իրենց արտադրողներին», — նշեց նա։
Միրզոյանի խոսքով` նման միջոցառումները նպաստում են ապրանքանիշների զարգացմանը, նախագիծն ավելի շատ սոցիալական բնույթ ունի, քան գովազդային։
Այս տարվա հաղթողները. «Շոկոլադ» անվանակարգում` Arcolad ընկերությունը, «Մակարոն» անվանակարգում` հայ-ամերիկյան AFPC ընկերության արտադրանքը, «Օրգանական սնունդ»` Green day սուպերմարկետը, «Հիգիենիկ միջոցներ»` «Կլեոպատրա» ընկերության արտադրանքը, «Տղամարդու ներքնազգեստ»` «Melante» ընկերությունը, «Ոսկերչական իրեր»` «De Laur Jewelry» ոսկերչական տունը։ «Հանրային ծառայությունների ոլորտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանի Էլցանցերը, «Կաթնաշոռ» անվանակարգում` «Tamara» ընկերությունը, «Վերամշակված պտուղ-բանջարեղեն»` «Tamara Fruit» ընկերությունը։


Միջացառման շրջանակում որոշվեցին նաև առցանց քվեարկության ամենաակտիվ մասնակիցները։ Հետագայում նրանք ևս մրցանակներ ու նվերներ կստանան։ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը ստանում են դափնեկիր ընկերությունները ապրանքների և ծառայությունների որակի ինքնատիպ նշան է` հիմնված ժողովրդի վստահության վրա: «Ազգային ապրանքանիշ» տիտղոսի շնորհումը թույլ է տալիս ձեռնարկություններին լավագույնը համարվել, քանի որ նրանց ընտրում են սպառողները։