ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանը պետք է վերահսկողություն իրականացնի գործադիր իշխանության, այդ թվում՝ զինված ուժերի նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարվեց ԱԺ-ում կազմակերպված «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ:
«Վերահսկողությունը չի ենթադրում միջամտություն ԶՈւ օպերատիվ վերահսկողության հարցերին, այլ ուղղված է պաշտպանության ոլորտի կայունացմանը, մարդկային և նյութական ռեսուրսների նպատակային օգտագործմանը»,- բացման խոսքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա նաև նշեց, որ հանձնաժողովին անհրաժեշտ բյուջե է հարկավոր ոչ միայն անդամների մասնագիտական վերապատրաստումների, այլև ծրագրերի, կադրային քաղաքականության իրականացման համար:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն էլ նշեց, որ նոր իրողությունների պարագայում խորհրդարանը պետք է լինի հակակշիռ գործադիր իշխանությանը՝ վերջինի թափանցիկ աշխատանքն ապահովելու համար։
«Պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմնավորեն իրենց գործողությունները՝ լիարժեք թափանցիկության համար։ Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան»,- ասաց Պողոսյանը։
Նրա համոզմամբ, ԱԺ-ն է, որ պետք է կարողանա ոչ միայն վերահսկել գործադիր իշխանության աշխատանքը, այլև հաշվետվողականության մշակույթի հիմք դնի: