ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnk. «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս տարվա թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:
«Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,- նշել է Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորի թանկացումների հետ կապված բացառություններ չկան:
Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել և պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է:
«Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի ամիս է` թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինի նաև երշիկեղենի թանկացումները:
«Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,- ասաց նա:
Դիտարկումներ նաև բանջարեղենի և մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել:
«Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,- տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը:
Կարագի աննախադեպ թանկացման հետեւանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաև հրուշակեղենի գները:
«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,- ասել է նա:
Ընդեղենի և չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսում: 6000-7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները: