ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի արժանացել թիմի կազմում հայտնվելու իրավունքին, «Բորնմուտի» դեմ հաղթանակ տանելուց հետո հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 8 խաղից 7-ում խաղադաշտ դուրս չի եկել, վերջին անգամ նա խաղացել է (որպես փոխարինող) նոյեմբերի 25-ին «Բրայթոն» ֆուտբոլային ակումբի դեմ։
Մոուրինյոյի խոսքով` բազմաթիվ խաղացողներ կան, որոնք կարող են դաշտի կենտրոնում խաղալ, ինչը նշանակում է, որ ինչպես մեկնարկային կազմի, այնպես էլ նստարանին նստելու յուրաքանչյուր տեղի համար լուրջ մրցակցություն կա։
«Ես միայն վեց խաղացող կարող եմ ունենալ նստարանին և փորձում եմ պահպանել հավասարակշռությունը` դարպասապահ, երկու պաշտպան, կիսապաշտպան Էրերան, հարձակվող Իբրահիմովիչը և երկրորդ հարձակվող Ռեշֆորդը։ Մխիթարյանին այդ ցանկը ներառելու համար պետք է ցանկից մեկ այլ խաղացողի հանեմ։ Բայց նրանք Մխիթարյանից ավելի շատ են արժանացել կազմում լինելու իրավունքին», — ասել է Մոուրինյոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ինտեր»։ Հենրիխ Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյոյի արտակարգ հանդիպման արդյունքում որոշվել է ֆուտբոլիստին տրանսֆերի հանել։