ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik.Մարիինյան թատրոնի աշխատակցուհու` 93 տարեկան Նինա Մացինայի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Հանցագործության կազմակերպիչ Գալինա Հասանովան «Եվա» բարեգործական կազմակերպության աշխատակիցներից է, 42 տարեկան։ Նա եղել է ծեր կնոջ խնամակալը, իմացել է, որ Մացինան խնայողություններ ունի, որոնք կուտակել է սեփական թաղման համար։
Հասանովան որոշել է յուրացնել այդ փողը և նպատակին հասնելու համար ծրագրել է սպանել ծեր կնոջը։ Մտադրության մասին հայտնել է իր ծանոթ հայերին, որոնցից մեկը 33 տարեկան է, մյուսը` 34։ Հասանովան խոստացել է պարգևատրել նրանց։
Խնամակալն այդ ընկերությունում աշխատել է 2012 թվականից։
Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Քանի դեռ կասկածյալի հանցակիցներից մեկը վերահսկել է իրավիճակը, երկրորդը մտել է բնակարան ու խեղդել զոհին։ Կասկածյալները խուզարկել են բնակարանը, գողացել տուժածի վարկային քարտը, ինչպես նաև հայտնի երգչի ինքնագրով հին լուսանկարը։ Սակայն հանցակիցները չեն կարողացել վարկային քարտից գումար հանել, քանի որ չեն իմացել ծածկագիրը։