Հայաստանի իշխանությունը չի կարող հայտնել` Կիևի Մայդանում տեղի ունեցած հրաձգության գործով վրացի վկաները քաղաքական ապաստան խնդրել են Հայաստանից, թե ոչ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
«Եթե անձը քաղաքական ապաստան է խնդրում, դա կոնֆիդենցիալ տեղեկություն է։ Ցանկացած օտարերկրացի իրավունք ունի ՀՀ իշխանություններից պաշտպանություն խնդրելու։ Միջազգայնորեն ճանաչված սկզբունք է»,- ասել է Եգանյանը։
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևի Մայդանում 2014թ-ին տեղի ունեցած հրաձգությունների ականատես երկու վրացիները թաքնվում են Հայաստանում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, փաստաբան Գորոշինսկին հայտարարել է, որ Հայաստանում թաքնվող վրացիները տեսել են, թե ինչպես են Կիևում գործել վարձու դիպուկահարները 2014թ-ի ձմռանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ և պատրաստ են տեսակապի միջոցով այդ մասին վկայություն տալ դատարանին։