Արմենուհի Մխոյան, Sputnik.
Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանը նոյեմբերի 25-ից օրական երկուական հաց է անվճար տալիս բոլոր կարիքավորներին: Հացը տրամադրվում է նախապես բաժանված կտրոններով. յուրաքանչյուրը կարող է օգտվել 20 օր: Նախաձեռնությունից օգտվելու նպատակով մարդիկ շտապում են գործարարին պատկանող հացի փոքրիկ փուռ, որտեղից էլ ստանում են նոր թխած հացը:
Տեսարանն ավելի շատ հիշեցնում է 90–ականները, երբ մարդիկ հերթ էին կանգնում հաց ստանալու համար:
«Սեփական խանութ ունեմ, երբ տեսա, թե ինչքան է ավելացել «վերասյա ու վազվրատ (հին)» հացը տանողների թիվը, զգացի, որ ինչ-որ բան պետք է անել: Հացի թոնիրը նոր եմ դրել ու նոր գործն ուզում եմ լավ ձեռնարկով սկսել»,- պատմում է 28 տարեկան երիտասարդը՝ հավելելով, որ նախաձեռնության իրականացման նպատակով արդեն ստեղծել է «Կռունկ» բարեգործական հիմնադրամը:
Նախաձեռնությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, բայց ինչպես վստահեցնում է երիտասարդը, հնարավորության դեպքում էլ ավելի կերկարացնի: «Ամեն ինչ իմ սեփական միջոցներով եմ անում, իմ աշխատողներն էլ միացել են ինձ: Եթե լինեն մարդիկ, որ այս նախաձեռնությանը միանելու ցանկություն հայտնեն, շատ լավ կլինի»,- Sputnik Արմենիային ասաց Գարիկ Ուզունյանը՝ վստահեցնելով՝ շարժվում է «դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» ավետարանական խոսքերով` հույս ունենալով, որ այս բարի գործն իր ծիլերը կտա, ու հնարավորություն ունեցող մարդիկ կփորձեն օգնել կարիքի մեջ գտնվողին:
![Անվճար հացի հերթ Գյումրիում Անվճար հացի հերթ Գյումրիում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/981/28/9812894_0:113:1599:1118_600x0_80_0_0_a73bfd2c646ca3401275a7bf0846532a.jpg)
![Անվճար հաց Գյումրիում Անվճար հաց Գյումրիում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/981/27/9812798_0:173:1599:1179_600x0_80_0_0_6222ef13daabd17974eab3303b803294.jpg)
«Թոշակառու եմ, որդիս նույնպես, մեր թոշակով միայն կարողանում ենք դեղ գնել, սա մեծ օգնություն է: Պատահական ենք իմացել նախաձեռնության մասին, ու ինչպես տեսնում եք, շատերն այստեղ նույնիսկ այս հանապազօրյա հացի կարիքն ունեք»,- Sputnik Արմենիային վստահեցրին բարեգործությունից օգտվող բնակիչները: «Երիտասարդ տղա է, ինքն էլ հազար ու մի խնդիր ունի, բայց տես, որ մեզ նմաներին է օգնում»:
Ամեն օր այսպես, քաղաքի շատ բնակիչներ շտապում են Գյումրու Սախարովի անվան հրապարակի հարակից հատված՝ օգտվելու երիտասարդի բարեգործությունից: