ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի երկու քաղաքացիները, որոնք հայտարարել էին, թե մասնակցել են Կիևի Մայդանում 2014թ-ին տեղի ունեցած հրաձգություններին, թաքնվում են Հայաստանում։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում այսօր հայտնված տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին։
«Վկաները, որոնց մենք միջնորդում ենք վկայություն տալ դատարանում, իսկապես Հայաստանի տարածքում են։ Ցավոք այս պահին մենք չենք կարող բացահայտել նրանց գտնվելու վայրը, քանի որ նրանք անհանգստանում են իրենց անվտանգության համար»,- նշեց նա։
Փաստաբան Գորոշինսկին, որ «Բերկուտի» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակցի փաստաբանն է (Ուկրաինայում դատում են Մայդանում մարդկանց մահվան համար) չի բացառում, որ դատարանի կողմից Վրաստանի քաղաքացիներին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը բավարարելու դեպքում Հայաստանի և Ուկրաինայի միջև կգործի միջազգային իրավական օգնության կարգով նախատեսված ընթացակարգը։
«Այս դեպքում հայտնի կդառնան նաև այս անձանց միգրացիոն կարգավիճակին վերաբերող հարցերը»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ այս պահին նրանց գտնվելու վայրն իրեն հայտնի չէ։
Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին Հայաստանի իշխանությունները ևս որևէ տեղեկություն առայժմ չեն հրապարակում։
Հիշեցնենք` ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, փաստաբան Գորոշինսկին հայտարարել է, որ Հայաստանում թաքնվող վրացիները տեսել են, թե ինչպես են Կիևում գործել վարձու դիպուկահարները 2014թ-ի ձմռանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ։