ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ Golden Spin of Zagreb գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ: Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):
Ավելի վաղ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: