ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառված չէ Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստի օրակարգում` չնայած ժողովի անդամները հիմնականում ազգությամբ հայ են, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։
Ավելի վաղ Ախալքալաքի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները Պետրոսյանի գլխավորությամբ Շրջանային ժողով էին ներկայացրել դիմում, որում կոչ էին անում ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու աջակցել դրա պաշտոնական ճանաչմանը։ Շրջանային ժողովի բյուրոյում հարցը քննարկել էին, բայց դեմ էին քվեարկել։
«Շրջանային ժողովում հայտնեցին, որ Վրաստանը դեռ պատրաստ չէ այդ հարցի դիտարկմանը։ Ժողովի ներկայացուցիչները, որոնք հիմնականում ազգությամբ հայ են, իրենց որոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ ավելի արդյունավետ կլինի, եթե հարցը խորհրդարանում քննարկման դնի վրացի պատգամավոր», — ասաց Պետրոսյանը։
Ժողովի ներկայացուցիչները համարել են, որ անտեղի է բարձրացնել մի հարց, որը, նրանց կարծիքով, տապալման է դատապարտված։ Վրաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, դեռ իսկապես պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գաղտնիք չէ, որ Անկարան Վրաստանի ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը։ Սակայն այլ հարց էլ կա` հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանը, ասաց Պետրոսյանը։
«Եթե Թբիլիսին պետական մակարդակով չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ոչինչ չի խանգարում հայաբնակ Սամցխե-Ջավախքին անել դա, հատկապես, որ աշխարհում այդպիսի պրակտիկա կա», — ասաց Պետրոսյանը։
Նա նաև համոզված է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հոգով ու սրտով կարեկցում են հայ ժողովրդին։
Նախկին խորհրդարանական Պետրոսյանը բազմիցս կոչ է արել վրացի գործընկերներին իրավական գնահատական տալ XX դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում իրականացված ոջրագործությանը։ Պետրոսյանն ու նրա գործընկերները հույս ունեն, որ Թբիլիսին շուտով կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանության փաստը։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։