ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան Queens of the Stone Age ռոք խմբի անդամ Ջոշ Օմը համերգի ժամանակ ոտքով հարվածել է լուսանկարիչ Չելսի Լորենի դեմքին. աղջիկը դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, հոբելյանական համերգի ժամանակ` նվիրված Լոս Անջելեսի ռադիոկայաններից մեկին։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես երաժիշտը կիթառային սոլոյի ժամանակ բեմի վրա զբոսնելիս ոտքով հարվածում լուսանկարչի դեմքին։
Չելսի Լորենը միջադեպի տեսագրությունը տեղադրել է Instagram-ում` գրելով. «Շնորհակալություն Ջոշ Օմին Queens of the Stone Age–ից։ Արդյունքում ես ստիպված էի ամբողջ գիշերը հիվանդանոցում անցկացնել։ Լուրջ, ո՞վ է նման բան անում»։
Հաջորդ օրը Ջոշ Օմը հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով։ Երաժշտի խոսքով` շաբաթ օրը բեմում նա շատ է ոգևորվել, ոտքով հարվածել լույսին և տարբեր սարքավորումների, իսկ կիրակի նրան հաղորդել են, որ այդ սարքավորումների շարքում եղել է Չելսի Լորենի լուսանկարչական խցիկը։
Օմի խոսքով` նրա գործողություններում կանխամտածված ոչինչ չի եղել և նա խորապես ափսոսում է։
Չելի Լորենը երաժիշտ է և երաժշտական լուսանկարիչ, նկարում է Shutterstock–ի համար և համագործակցում Penske Media (Variety ամսագիր) հոլդինգի հետ։