ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») նկարահանվել են «Երջանկություն, առողջություն» ռուսական նոր կատակերգության մեջ, որը պատմում է հայկական, ռուսական և թաթարական հարսանիքների մասին։
Ֆիլմի հերոսները պատրաստվում են հարսանիք կազմակերպել, բայց ժանրի կանոնների համաձայն` ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. զույգերից մեկը փորձում է հարսանիքի միջոցով բարելավել ֆինանսական վիճակը, երկրորդը որոշ հարցեր պետք է պարզի ամուսնու հոր հետ, որը տղային ստիպում է ամուսնանալ Հայաստանում, իսկ երրորդ զույգի հարսնացուն բախվում է տհաճ անցյալին. հենց հարսանիքի օրը բանտից դուրս է գալիս նախկին սիրեցյալը։
Միայն հաջորդ տարի պարզ կլինի, թե հերոսներից որն ինչպես է կարողանում դուրս գալ խճճված իրավիճակից, քանի որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 1-ին։
Ֆիլմում նկարահանվել են նաև երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, Comedy Women-ի մասնակից Օլեգ Վերեշչագինը, «Դոմ 2»-ի նախկին մասնակից Դարիա Պինզարն ու այլ դերասաններ։
Ֆիլմ պրոդյուսերների ցանկում նշված են Անդրեասյան եղբայրներն ու Արմեն Անանիկյանը։