ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Գյումրիում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել, որի հետևանքով 30 տարեկան տղամարդ է տուժել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի Այգաբաց փողոցի բնակիչ 30-ամյա Արտյոմ Տոնոյանն է։
Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։
Վերջինին էլ կասկածում են իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով Ա. Տոնոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մարգարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։