ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Երեկ` դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
««Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, որը նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման»,- նշված է կայքում:
Ըստ առցանց պարբերականի` դեպքի վայր է ժամանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը:
Փաստի առթիվ Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: