1988 թվականին արտակարգ իրավիճակների լրատվության անգրագիտությունը նրանից էր գալիս, որ ամբողջ պետական համակարգը սովորեցված չէր արտակարգ իրավիճակին արձագանքելուն, Sputnik Արմենիային ասաց «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ։
«Ո՛չ պետական համակարգ կար, ո՛չ փրկարար, ո՛չ արձագանքում, և չկար արտակարգ իրավիճակների լրատվություն։ Մենք բոբիկ ու անգրագետ մտանք դաշտ ու սկսեցինք ժողովրդին լացացնել։ Սկսեցինք անել այն, ինչ չէր կարելի անել։ Ինչպե՞ս կարելի է ողբացող երեխա ցույց տալ։ Մինչև հիմա փշաքաղվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես էր երեխան շերեփով փորում գետինը և մորը փնտրում։ Նման բան չէր կարելի»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, արտակարգ իրավիճակների լրատվությունը պետք է լինի ոչ միայն չվնասող, այլև սպեղանի, օգնող։ Եվ անպայման լուր տալուց բացի պետք է մարդուն հույս տալ, ապրելու տենչ և տեղեկատվություն, որտեղից պետք է օգտվել։
«Աշխատում էինք սարսափելի պայմաններում։ Պատկերացրեք` անզեն, անզրահ դուրս գաս մի ահավոր հակառակորդի դեմ, ինչպիսին երկրաշարժն է, և դու ինքդ քեզ անընդհատ վնասես»,- երկրաշարժից 29 տարի անց հիշում է Գրիգորյանը։