ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ուզում են զրկել անշարժ գույքից, հայտարարել է դերասանի նախկին կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նախօրեին իրավապահ մարմինները բերման են ենթարկել Վիտալինային` անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մասին գործի շրջանակում (ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի 1 մաս), այդ մասին հայտնել է Մազուրը։
«Հարցաքննությունը ձևական բնույթ էր կրում, Վիտալինայի նկատմամբ որևէ մեղադրանք չի առաջադրվել… Մոսկվայի Հարավարևմտյան վարչական շրջանի ՌԴ քննչական կոմիտեի քննիչ Մաքսիմ Միզոնովի խոսքով, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային հետապնդում են Ջիգարխանյանի անձնական խնդրանքով», — նշել է Մազուրը։
Վիտալինայի ներկայացուցիչը կարծում է, որ քրեական գործի նյութերից հասկանալի չէ, թե կոնկրետ ով է դիմել քննչական մարմնին, քանի որ որևէ տեղեկություն չկա Ջիգարխանյանին որպես հանցագործության մասին հայտնած անձի հարցաքննելու վերաբերյալ։
Մազուրը կարծում է, որ «հիմքեր կան մտածելու, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի» հետապնդման հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, ովքեր ցանկանում են զրկել նրան անշարժ գույքից։
«Դրա հետ կապված մեր փաստաբաններն այսօր համապատասխան հայտեր են ներկայացրել դատախազություն և Քննչական կոմիտե», — ավելացրել է Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչը։
Իրավապահ մարմիններն ավելի վաղ քրեական գործ էին հարուցել Ջիգարխանյանի գրասենյակում լրտեսական սարքեր տեղադրելու փաստով։
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Ջիգարխանյանին «հայ ընկերնե՞րն» են հիպնոսացրել
Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։