ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նույն օրը նա ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:
«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով` այսօրվա զորավարժություններն ապացուցել են այդ ունակությունը:
«Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը»,- ընդգծել է նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել զինծառայողների ծնողներին, ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել նրանց կայացման գործում։
Նախագահ Սարգսյանը զինծառայողներին մաղթել է բարի ծառայություն և հպարտ կեցվածք:
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն է մեկնել դեկտեմբերի 1-ին։