ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։
Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160 հազար ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը:
Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մակոյանը և Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Մամիկոնյանը հանդիպել է հիշյալ բաժնի համապատասխան պաշտոնատար անձին` Մակոյանի փոխանցած 160 հազար ՀՀ դրամ կաշառքը նրան տալու նպատակով:
Այնուհետև Մակոյանը նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի մոտ հանձնել է գործնական քննություն: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի կատարել հարցաշարում ընդգրկված առաջադրանքները, քննությունն ընդունող տեսուչի կողմից քննությունը գնահատվել է դրական, և Մակոյանին տրամադրվել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: