ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում հավանություն է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:
Ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյան փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը: