Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում ասպետները գիտեին, որ կարող են Կիլիկյան ափերին ջերմ ընդունելության արժանանալ` հետագայում դեպի Արևելք իրենց ճանապարհը շարունակելու համար: Նման դաշնակցային հարաբերություններ հայերը կարողացել էին կառուցել նաև Եգիպտոսի սուլթանների հետ: Այս մասին է վկայում 1285 թվականով թվագրված գրությունը:
Կիլիկիայի օրենքների համաձայն՝ իրենց ջրերում խորտակված նավերն ու բեռները վերադարձվում էին այն պետություններին, որոնց դրոշի ներքո նրանք ծով էին դուրս եկել: Հայկական միջերկրածովային ափերի մերձծովյան քաղաքներում առևտրային կայաններ կային:
«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը նախագծի հերթական շարքում պատմում են, թե ինչպես Այասի հայկական նավահանգստի խարսխակայանի վրա ծովային բախում տեղի ունեցավ Գենուայի և Վենետիկի նավերի միջև: Հայկական Այասի մրցակցությունը Եգիպտոսի Ալեքսանդրիայի հետ ողբերգական հանգուցալուծում ունեցավ: 1375 թվականին քաղաքը գրավեցին մամլյուկները և դրանից հետո այն մետաքսի ճանապարհի ծովային երթուղիների խաչմերուկում կորցրեց իր նշանակությունը: