ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա դեկտեմբերի առաջին կեսը տաք է լինելու։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնը հայտնում է, որ դեկտեմբերի 1-10–ի ընթացքում ցերեկը ջերմաստիճանը Արարատի, Արմավիրի մարզերում ու մայրաքաղաքում կարող է բարձրանալ մինչև +8–ից +10 աստիճան, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ցերեկային ջերմաստիճանը կլինի 0-ին մոտ, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում` —5–ից —7, Սյունքում` +1-ից +4։
Դեկտեմբերի երկրորդ կեսին ջերմաստիճանն ամենուրեք կնվազի` հովտային շրջաններում, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում` հասնելով —11-14 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում` նվազագույնը` —25-27 աստիճանի։
Դեկտեմբերի առանձին օրերին կդիտվի մառախուղ, բայց օդերևութաբանները վստահեցնում են, որ անցած ձմեռվա երկարատև մառախուղը չի կրկնվի։
Ամենացուրտ դեկտեմբերները, ԱԻՆ հրապարակած տվյալներով, գրանցվել են 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թ–ներին։ 2002 թ.–ին հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է
— 32–ի, լեռնային շրջաններում` —40–ի։ Նույն տարում Երևանում` գրանցվել է մինչև 28 աստիճան ցուրտ։
Իսկ ամենատաք դեկտեմբերները եղել են 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ.–ներին։ Երևան, Արտաշատ, Արմավիր քաղաքներում այդ տարիներին ջերմաստիճանը բարձրացել է մինչև 22, Շնողում, Բագրատաշենում, Կապանում` 26 աստիճան տաքության։
Ամենախոնավ դեկտեմբերները եղել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ.ին, ամենաչորը` 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ.–ներին։
Այս տարի, հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան տաք շրջաններում մինչև դեկտեմբերի 20-ը կայուն ձնածածկ չի գոյանա, բայց մառախուղներ ժամանակ առ ժամանակ կլինեն, հատկապես` Երևանում, Արարատի, Սյունիքի և Շիրակի մարզերում: