ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Երկիր ծիրանի» խմբակցությունն այսօր Երևանի ավագանու նիստում առաջարկեց մայրաքաղաքում Քիմ Քարդաշյանի հուշատախտակ տեղադրել: Առաջարկը հնչեց այն պահին, երբ ավագանին քննարկում էր մայրաքաղաքում մի քանի հուշատախտակ տեղադրելու հարցը, խմբակցությունն էլ հիշեց մայրաքաղաքում արդեն բացված ՀՀԿ նախկին նախագահ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակի մասին:
«Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ»,-հարցի քննարկմանն ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց համար անհասկանալի է նման առաջարկը:
Նույն որոշմամբ նախատեսվում է Երևանում տեղադրել նաև երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:
Այս առաջարկին «Երկիր ծիրանին» կողմ է, քանի որ, ինչպես նշեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, դրանց տեղադրումը մշակութային նշանակություն ունի:
«Այդ հուշատախտակի առջև մեր սերունդը կսթափվի այսօր հնչող կլկլոցներից, իրենց աստղ հռչակած աստղիկներն էլ այդ հուշատախտակի առջև կսթափվեն»,-ասաց նա:
Նշենք, որ նախագծի համաձայն՝ հուշատախտակները նախատեսվում է տեղադրել Երևանի Թումանյան 6 հասցեյում, որտեղ մինչ ԱՄՆ տեղափոխվելը բնակվել են երաժիշտ ամուսինները: