ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամեն կերպ խուսափում է հարցաքննությունից, պատճառաբանություններից մեկն էլ հղիությունն է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը `հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
«Վիտալինան համառորեն չի ներկայանում հարցաքննության: Նա հայտնել է, որ հղի է: Ասել է, որ բժիշկը խորհուրդ է տվել հանգստանալ, չի կարելի նյարդայնանա կամ հուզվել», — աղբյուրի խոսքն է մեջբերում պարբերականը:
Միևնույն ժամանակ, հայտնի չէ` Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հղիության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացրել է, թե ոչ: Քննչական մարմիներն իբր փորձել են պարզել տեղեկությունը, հարցում են ուղղել Վրաստանի այն բուժհաստատություն, որտեղ բուժում է անցել Վիտալինան, սակայն առայժմ պատասխան չեն ստացել, գրում է «Կոմսոմոլկան»:
Պարբերականի տվյալով` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի գրասենյակում լրտեսական սարքի և թաքնված տեսախցիկի տեղադրման փաստի առիթով:
Բացի այդ, քրեական գործ է հարուցվել Արմեն Բորիսովիչի ղեկավարության տակ գտնվող թատրոնից (Վիտալինան այդ թատրոնում տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում) 80 մլն ռուբլու չափով պետական միջոցների հափշտակման համար: Հափշտակության մեջ կասկածում են թատրոնի հաշվապահին:
Ինչպես գրում է ԿՊ-ն, Վիտալինան, ամենայն հավանականությամբ, անձամբ չի ստորագրել կասկածելի փաստաթղթերը, այնուամենայնիվ հետաքննություն իրականացնող մարմինները նրան ուղղված հարցեր ունեն:
Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ երեկ` նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։