ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Չինացի դերասան Մայքլ Խեն մարտահրավեր է նետում հայկական լավաշի բոլոր սիրահարներին: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է հերթական տեսահոլովակը՝ այս անգամ լավաշ ուտելու մարտահրավեր նետելով (Lavash challenge)։
«Իմ սրտի կեսը Հայաստանում է»,- Հեն այսպես է մակագրել է իր տեսահոլովակը, որում նա մի հատված է երգում նաև Կոմիտասի «Կռունկից»:
Նա բոլոր ցանկացողներին առաջարկում է լավաշ ուտել իր տեսահոլովակը դիտելով և այն տարածել Ֆեյսբուքում` նշելով իրենց և էլի հինգ ընկերոջ:
Նրա տեսահոլովակն արդեն 18 հազար դիտում է գրանցել և արժանացել օգտատերերի հիացական մեկնաբանություններին:
Հարվարդում սովորող ուսանող Մայքլ Հեն արդեն ավելի քան երկու տարի Հայաստանի մասին տարբեր տեսահոլովակներ է հրապարակում YouTube-ում և ֆեյսբուքյան իր էջում:
Նա անգամ հատուկ շարք ունի հայկական տարբեր քաղաքների մասին:
Իր մասին Մայքլը գրում է. «Հայաստանի երկրպագու և ժամանակ առ ժամանակ հեռուստատեսային դերասան»:
Մայքլի հրապարակումներին ուշիուշով հետևում են համացանցից օգտվողները, հատկապես` հայերը, քանի որ նրա կոլորիտային ռեպորտաժներն ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և հեղինակի մեկնաբանություններով: Պետք է խոստովանել, որ ոչ բոլոր հայերն իրենց հայրենիքը գիտեն այնպես, ինչպես չինացի այս երիտասարդը: