ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. 25-ամյա Գրիգոր Ազատյանը հրաշքով փրկվել է շնաձկան ճիրաններից։ Mercurynews.com–ի տվյալներով Կալիֆոռնիայի Փեբլ լողափում նոյեմբերի 24–ին սպիտակ շնաձուկը հարձակվել է հոր հետ ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:
Շնաձուկը կծել է Գրիգորի ոտքը՝ ծանր վնասվածք հասցնելով։ Գրիգորին օգնել և ափ են դուրս բերել 2 ոստիկան, որոնք այդ պահին ծառայության մեջ չէին և ուղղակի ձկնորսությամբ էին զբաղվում մոտակայքում։ Նրանք վիրավոր տղային տեղափոխվել են Սալինասում գտնվող «Նատիվիդադ» հիվանդանոց:
Ոստիկանները պատմել են, որ Գրիգորը և նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվել, երբ շնաձուկը բռնել է տղայի ազդրը:
Տղայի հայրն էլ ասել է, որ մեծ սպիտակ շնաձուկը երկու կամ երեք անգամ կծել է իր որդուն, մինչև հաջողվել է նրան ջրից դուրս հանել:
Հայրը չի տեսել հարձակման պահը, բայց որդու գոռոցը լսելով` հասկացել է, որ աղետալի բան է տեղի ունենում: Նրա խոսքով՝ տեսարանը սարսափելի էր, բայց ինքը կարողացել է արագ ուշքի է գալ ու օգնել որդուն:
Շնաձկան հայտնվելու պահին, ըստ լրատվամիջոցների տեղեկության, Գրիգորը ստորջրյա լուսանկարներ է անելիս եղել, իսկ նրա հայրը գնացել էր որս փնտրելու: Գրիգորը դուրս է եկել ջրի երես` հորը շնաձկան մասին նախազգուշացնելու, սակայն շնաձուկը վերադարձել է և հարձակվել նրա վրա: Շնաձուկը մոտ 4.5 մետր է եղել:
«Շնաձուկը բռնել էր որդուս և բաց չէր թողնում, առնվազն երկու անգամ կծել է նրան։ Բայց որդիս ողջ է: Դա ամենալավ բանն էր, որ ես կարող էի պատկերացնել: Ես այնքան շնորհակալ եմ »,- պատմել է հուզված Արմեն Ազատյանը:
Գրիգորին վիրահատել են։ Բժիշկների խոսքով`նրա վիճակը կայուն է: