ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ԿԺԴՀ-ի` Լոս Անջելեսին հասցված ենթադրյալ միջուկային հարվածից ավելի քան միլիոն մարդ կտուժի։ Այս կարծիքին են National Interest պարբերականի մասնագետները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերլուծության համար մասնագետները հատուկ ծրագիր են օգտագործել, որը ստեղծել են ամերիկյան Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նրանց ընտրած ռումբը 250 կիլոտոննա է կազմում։
Հաշվարկների համաձայն` մեգապոլիսի կենտրոնում դրա պայթյունից ավելի քան մեկ միլիոն մարդ կտուժի, 378 հազարը կմահանան, 860 հազարը վիրավորում կստանան։ Նշվում է, որ էպիկենտրոնից 5 կմ շառավիղով շինությունների մեծ մասը կքանդվեն, իսկ այնտեղ գտնվող մարդկանց ողջ մնալու շանսերը զրոյի են հավասար։
150 քառակուսի կիլոմետրի վրա, յոթ կիլոմետր շառավիղով պայթյունի էպիկենտրոնից բոլոր մարդիկ երրորդ աստիճանի այրվածքներ կստանան, իսկ կրակի գնդի տրամագիծը հազար մետրի կհասնի։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այդպիսի մեկ պայթյունի հետևանքով զոհերի քանակը համադրելի է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԱՄՆ կորուստների հետ։ Նրանք հույս ունեն, որ սա գիտական ֆանտաստիկա կմնա։
Վաշինգտոնի ու Փհենյանի հարաբերությունները վատացել են Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների ֆոնի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդին անվանել է «մարդ-հրթիռ, որը ինքնասպանի առաքելություն է իրականացնում»։
Ամերիկայի նախագահը հայտնել է նաև, որ եթե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնի, այն կվերացվի։ Կիմ Չեն Ինն իր հերթին «ծեր մարազմատիկ» է անվանել Թրամփին ու չի բացառել միջուկային հարվածն ամերիկյան Գուամին։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանն առաջարկել էին ԿԺԴՀ —ին միջուկային փորձարկումների ու հրթիռների բաց թողման մորատորիում հայտարարել, իսկ Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին զերծ մնալ թերակղզու իրավիճակը կայունացնող զորավարժություններից, բայց Վաշինգնոտում այդ նախաձեռնությունն անտեսեցին։