Արվեստագետի ծննդյան 120-ամյակին նվիրված այս հետահայաց ցուցադրությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում 62 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել:
Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքը զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը հղի է մի շարք մարտահրավերներով, և առաջին հերթին չկրկնվելու խնդիրն է: Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ, որոնք տարբերվում են թե՛ գունային գամմայի ավելի լայն սպեկտրով, թե՛ կոմպոզիցիայի դինամիկայով, թե՛ թեմաներով:
Գուցե գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջև եղած տարբերության մեջ է թաքնված Ջոտտոյի իրական «ես»-ը: «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը միտված է գտնելու այս հարցի պատասխանը:
Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2017թ. նոյեմբերի 25-ից մինչև 2018 թվականի փետրվարի 25-ը: Ցուցադրության մուտքն անվճար է: