ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելում երեկ ստորագրված համաձայնագիրը վաղուց սպասված քայլ էր, որն իրականություն դարձավ ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
«Համաձայնագիրը բերում է նոր հնարավորություններ Հայաստանի համար, դա մարդու իրավունքներն են, իրավական դաշտի ներդաշնակեցումն է Արևմտյան չափանիշներին»,- ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է համաձայնագրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա հնարավոր ազդեցությանը, Գագիկ Մինասյանը նշեց, որ փաստաթղթի` ԼՂ-ին վերաբերող հատվածում արձանագրված է` կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ գործընթացին և այն պետք է կարգավորվի Հելսինկյան ակտերի երեք հիմնարար դրույթների պահպանմամբ՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի։
Հիշեցնենք` երեկ Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի ասոցացման պայմանագիրը նախատեսված էր ստորագրել դեռևս 2013թ-ի նոյեմբերին, բայց նախանշված ժամկետից մեկ ամիս առաջ` Հայաստանը հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին։ 2015թ-ի հունվարին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ անդամ։ Չնայած դրան, 2015թ-ի հոկտեմբերին ԵՄ-ն պատվիրակեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսել նոր` համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ։