ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մինասի «Հիսուսի իջեցումը խաչից» նկարը աճուրդի կհանվի 200 000 դոլար նախնական արժեքով։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեցին «Հայ կոլեկցիոներների ակումբի» ներկայացուցիչները։
Ակումբի նախաձեռնած աճուրդը կկայանա դեկտեմբերի 2-ին, և առայժմ հայտնի չէ` Մինասի նկարի համար նման գին վճարող արվեստասեր կգտնվի, թե ոչ, բայց պարզ է, որ այս արժեքն արդեն վկայում է` Մինասն արդեն բարձր գնահատվող հեղինակների շարքում է։

Աճուրդի ներկայացված նկարների թվում, Մինասից բացի, Հովհաննես Այվազովսկու, Երվանդ Քոչարի և Արշիլ Գորկու գործերն են, որոնց արժեքները տատանվում են 80-100 հազար դոլարի սահմաններում։
Թե ովքեր են նկարների ներկայիս տերերը և ինչու են որոշել վաճառել դրանք, աճուրդի կազմակերպիչները չեն բացահայտում` նշելով, որ նրանք ցանկացել են գաղտնի մնալ։ Հայտնի է միայն, որ նկարների գերակշիռ մասը հայ արվեստասերների մասնավոր հավաքածուներից են, բացառությամբ Մինասի վերոհիշյալ նկարից, որն աճուրդի կազմակերպիչներին են տրամադրել նրա ժառանգորդները։
Վաճառողներից բացի գաղտնի է պահվում նաև գնորդների ով լինելը։ «Ոչ գնորդը գիտի` ումից է գնել, ոչ էլ կոլեկցիոները գիտի, թե ում է վաճառել ։ Դա հենց աճուրդի աշխատանքն է` միջնորդ հանդիսանալ և չհրապարակել այդ տեղեկատվություն»,- ասաց «ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը։
Այդուհանդերձ, աճուրդի կազմակերպիչները չեն թաքցնում, որ հայ նկարիչների գործերով այսօր առավելապես հետաքրքրվում են հայ կոլեկցիոներները։ Բայց իրենց նպատակն է դրանք ճանաչելի դարձնել նաև աշխարհին, ինչին, իրենց համոզմամբ, մեծապես կնպաստի նաև կենդանի աճուրդին զուգահեռ կազմակերպվող առցանց վաճառքը։
Աճուրդի կազմակերպիչները նշեցին, որ նկարների Հայաստանից դուրս գալն իրենց չի անհանգստացնում։ Հակառակը` երկրից դուրս գալով դրանք կդառնան ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի արժեքներ։



Ինչ վերաբերում է Հայաստանյան թանգարաններում ներկայացվելուն, մեր թանգարաններն այսօր դրանք գնելու հնարավորություն չունեն, բայց կազմակերպիչները չեն բացառում, որ որևէ բարերար այն ձեռք բերելուց հետո կնվիրաբերի թանգարանին։
Դեկտեմբերի 2-ին նախանշված աճուրդում վաճառքի է հանվելու հայ նկարիչների տասնյակ գործերից բաղկացած ընտրանին՝ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։
